Եկեղեցու պատմության հոլովույթում ցանկացած ժամանակահատվածի օբյեկտիվ և հավասարակշռված վերլուծություն արդիական է ինչպես դավանաբանական, հայրաբանական, պատմական, այնպես էլ հոգևոր դասի աստվածաբանական ժառանգության ուսումնասիրության տեսանկյունից: Այդ ոլորտի արժեքավոր աշխատանքներից է Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանի «Մարտին Լութեր: Մի բարեպաշտ վանականի ըմբոստութիւնը» (երկրորդ բարեփոխուած հրատարակութիւն, Մոնտէվիդէո, 2013) աշխատությունը:
Ինչպես հեղինակն է վկայում, պատմաաստվածաբանական այս բարդ հիմնահարցի համակարգված վերլուծությունն ամենևին էլ ինքնանպատակ չէ: Աշխատությունը շարադրելիս Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը հետամուտ է վիճաբանական այն հիմնախնդիրների վերլուծական արժևորմանը, որոնք, հեղինակի համոզմամբ, թելադրված են եղել երկու պարագայով: Նախ որ, նրա համոզմամբ, ցանկացած «...զարգացած մարդ պարտաւոր է իմանալ իր հաւատի ու դաւանած վարդապետութեան ընդդիմադիրների կարծիքը: Անտեսելը կամ դրանք սքողելը ցոյց կը տայ միայն մեր տկարութիւնը» (էջ 5): Իսկ շարժառիթներից երկրորդը եղել է այն, որ «Ցարդ մեր Եկեղեցու կողմից համարեա ոչինչ չի գրուել Մարտին Լութերի մասին» (էջ 6): Այլ կերպ ասած, աստվածաբանական արժևորմանը համահավասար հեղինակն աշխատանքը գրել է նաև հայ ընթերցողի իմացական հետաքրքրությունները բավարարելու մտահոգությամբ: Այդ ամենով էլ պայմանավորված է աշխատության ընդհանուր ուղղվածությունը, այն է` դավանաբանական զարգացումների շրջանակներում վեր հանել և վերլուծական արժևորման ենթարկել բողոքականության հիմնադիր հեղինակներից մեկի կենսագործունեության և վարդապետական ըմբռնումների հիմնական գծերը:
Այդ կապակցությամբ պետք է արձանագրել նաև դրվատելի այն փաստը, որ հիմնահարցի համակարգված արժևորման միտումով աշխատության ներածականում հեղինակն անդրադարձել է բարենորոգչական շարժմանը նախորդող շրջանի Գերմանիայի հասարակական-քաղաքական և գաղափարական կացության, ինչպես նաև նախաբարենորոգչական շարժման մի շարք ներկայացուցիչների (Պիեռ Վալդո, Ջոն Վիկլիֆ, Յան Հուս և ուրիշներ) հայացքների համեմատական ուսումնասիրությանը, որով քննարկվող հիմնահարցը ներկայացվել է իր պատմական ամբողջության և գաղափարական հաջորդականության ծիրում:
Լյութերականության նկատմամբ հայ Եկեղեցու օբյեկտիվ և հավասարակշռված ըմբռնմանը հետամուտ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը բնագրերի և սկզբնաղբյուրների համակարգված վերլուծությամբ անդրադարձել, ամբողջության մեջ ներկայացրել և քննական արժևորման է ենթարկել Մարտին Լյութեր աստվածաբանի և բարենորոգչի գաղափարների կայացման հոգևոր և հասարակական հիմքերը և այդ հիման վրա հանգամանորեն շարադրել է Լյութեր-աստվածաբանի և Լյութեր-վանական գործչի կենսագործունեությունը: Ընդ որում, ինչպես հեղինակն է վկայում, այս հարցում նրա ընտրած վերլուծական մոտեցումը հետամուտ է նաև մեկ այլ նպատակի: Քանի որ «Մի կողմից բողոքականները կուրօրէն էին պաշտպանում իրենց ռահվիրային, նոյնիսկ բարեպաշտական լեգենդներ էին հիւսում նրա շուրջ, իսկ միւս կողմից էլ կաթոլիկները անարգանքի սիւնին էին գամում նրան» (էջ 6): Եվ հիմք ընդունելով, որ «Այս պատկերն այսօր բոլորովին փոխուել է» (էջ 6), Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը աշխատանքը շարադրելիս ձգտել է հաղթահարել քննարկվող հիմնահարցի նկատմամբ մակերեսային մոտեցումները և միակողմանի գնահատումները, որի արդյունքում ընթերցողի սեղանին է դրվել օբյեկտիվ ու հավասարակշռված մի ամփոփ աշխատանք:
Այդ ամենից դժվար չէ հետևցնել, որ հեղինակն ամենևին էլ չի սահմանափակվել միայն քննադատական այն մոտեցմամբ, թե բողոքականությունը «շեղվել է ճշմարտությունից», որ հարանվանության որդեգրած կեցվածքը դատապարտելի է ավանդական եկեղեցու դիրքերից: Քանի որ լյութերական վարդապետության հիմնադրույթները «բողոքական տարբեր ճիւղաւորումների խողովակով թափանցել են նաեւ հայութեան մէջ», օբյեկտիվ մոտեցմամբ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը ոչ միայն հաջորդաբար քննական արժևորման է ենթարկում լյութերական բարենորոգության էությունը և դրա հետ կապված հավատքային ու հասարակական այլ պարագաները, այլև դա կատարում է համակարգված ամբողջության մեջ, այն համոզումով, որ «... մենք երբեմն շատ բան կարող ենք սովորել նաեւ մեզ նման չմտածողների տեսակէտներից եւ վարք ու բարքից» (էջ 5): Առաջին հայացքից հակասական թվացող այս պնդումը սակայն դառնում է միանգամայն տրամաբանական և օրինաչափ այն պարզ պատճառով, որ, ինչպես աշխատանքի բովանդակությունն ու ուղղվածությունն են ցույց տալիս, վերլուծական այդ մոտեցումը հեղինակն ընտրել է մեկ հիմնական նպատակով` որպեսզի հայ ընթերցողին հնարավորություն ընձեռվի մոտիկից ծանոթանալու «Մարտին Լութերի և ընդհանրապէս բողոքականութեան առաջացման» հիմնախնդրին, նրանց փաստարկված կերպով ցույց տրվի, որ «բոլորովին սխալ կը լինի լութերական մտայնութեամբ առաջնորդուելը», որով էլ հետամուտ է գլխավոր մեկ այլ նպատակի եւս, այն է` որպեսզի «... հայ ընթերցողը, ծանօթանալով այդ նիւթերի հետ, առաւել սիրով ու գիտակցութեամբ փարուի իր սեփական Եկեղեցուն (ընդգծումը` հեղ.)» (էջ 6):
Քննարկվող աշխատության մեջ օբյեկտիվ և հավասարակշռված մեթոդաբանական այս մոտեցումը կարևորվում է նաև ավանդական եկեղեցիների և բողոքականության դավանաբանական, պաշտամունքային և ծիսաաստվածաբանական ըմբռնումների տարբերակիչ գծերը բացահայտելու և քննաբար արժևորելու տեսանկյունից: Այդ մտայնությամբ է հեղինակը գրում. «Իմ շարադրանքի մէջ Մարտին Լութերի եւ ընդհանրապէս նրա բարեկարգութեան հանդէպ իմ մոտեցումը ջանացել եմ, որ լինի բոլորովին առարկայական եւ անաչառ» (էջ 7):
Վերլուծության և արժևորման այդ ելակետերից վավերագրերի, դավանաբանական և աստվածաբանական սկզբնաղբյուրների քննական ուսումնասիրությամբ հեղինակը հաջորդաբար անդրադառնում և օրգանական ամբողջության մեջ ներկայացնում է լյութերական բարենորոգության աստվածաբանական հիմքերը (մասնավորապես` Վիտենբերգյան և Հայդելբերգյան թեզիսները), ամփոփ ձևով շարադրում է Աուգսբուրգյան և Լայպցիգյան քննարկումների և բանավեճի հետևանքները, ինչպես նաև Մարտին Լյութերի և Ֆիլիպ Մելանքտոնի հետ գործակցության նշանակությունը: Այդ ամենին զուգընթաց Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը Մարտին Լյութերի «գլխաւոր գրութիւնների» քննական վերլուծությամբ ընդհանրացնում և ամփոփ ձևով ներկայացնում է «հրապարակային բարեկարգության սկիզբը» ամրագրող փաստերը: Զուգահեռաբար նա քննարկում և արժևորում է լյութերական բարեկարգության նկատմամբ պաշտոնական Վատիկանի արձագանքները: Այդ համատեքստում պետք է կարևորել նաև այն, որ հետևողականորեն ներկայացնելով «Լյութեր-հերետիկոսապետի» հոգևոր պրակտիկայի հանգուցային կետերը, հեղինակը սեփական տեսակետները և մոտեցումները հիմնավորելիս ամենևին չի սահմանափակվում միակողմանի մոտեցմամբ: Զերծ լինելով ծայրահեղություններից, Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը նպատակ է հետապնդել նաև իր «... կարողութիւնների սահմանում վեր հանել բարեկարգչի դրական կողմերն ու մատնանիշ անել նրա թերութիւնները եւ այն, ինչ որ ընդունելի չի կարող լինել Հայոց Առաքելական Եկեղեցու համար» (էջ 7): Այդ ամենին զուգընթաց Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը միաժամանակ հետամուտ է նաև «... հայ ընթերցողին հաղորդակից դարձնել Լութերի այն մտքերին, որոնք առիթ են տալիս իւրաքանչիւր քրիստոնեայի լրջօրէն մտածելու դրանց մասին» (էջ 7):
Այդ համատեքստում Լյութերի առաջադրած «եկեղեցու բարեկարգության գրավոր գրությունների» ուսումնասիրությանը համահավասար աշխատության մեջ մեծ տեղ է հատկացվել նաև Արևմտյան եկեղեցու միության պահպանմանը միտված գործունեության վերլուծությանը, փաստական նյութի ընդհանրացմամբ բացահայտվել և քննական արժևորման են ենթարկվել «եկեղեցու միության խորտակման» հոգևոր և հասարակական պատճառները: Միաժամանակ հայ աստվածաբանը պատմական փաստերի և կողմերի քննարկումներն արտացոլող վավերագրերի (Հռոմի Հադրիան Զ պապի առաջարկներ և դրանց մերժում, Վիտենբերգի խռովություն, «Ցվիկաուի մարգարեների» գործունեություն, Նյուրնբերգյան ռայխստագ, Ռեգենսբուրգյան համաձայնություն, Տորգաուի միություն, գերմանական գյուղացիական պատերազմի և Թոմաս Մյունցերի դեմ պայքար և այլն) քննական վերլուծությամբ հանգում է այն հետևությանը, որ այդ ամենով ոչ միայն «Գերմանիայում սկիզբ էր դրւում եկեղեցական միութեան խորտակմանը», այլև «լութերական բարեկարգութիւնը պաշտպանելու» միտումով «... գերմանացի ժողովուրդը երկու մասի է բաժանւում եւ հող է պատրաստւում կատաղի պատերազմների» (էջ 333):
Անդրադառնալով լյութերականության ամրապնդման պայմանների և «բողոքական» անվան ստուգաբանությանը, Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը մատնանշում է Շպայերի առաջին և երկրորդ ռայխստագների դերը և փաստերի ընդհանրացմամբ եզրակացնում է. «1529 թ. Շպայերի ռայխստագի ապրիլի 19-ի նիստում, լութերականներն իրենց կատարած բողոքների պատճառով կոչւում են բողոքականներ: Այդ օրուանից սկսած այլեւս բացահայտ էր դարձել, թէ Գերմանիան բաժանուել է երկու մասերի` կաթոլիկեան եւ բողոքական» (էջ 386): Հեղինակն այդ համատեքստում է քննարկում նաև Էրազմ Ռոտերդամցի-Մարտին Լյութեր հակամարտությունը, ինչպես նաև Մարտին Լյութեր-ՈՒլրիխ Ցվինգլի առնչությունները, ուր առանձնահատուկ քննարկման նյութ է դարձնում շվեյցարական և գերմանական բարեկարգիչների վարդապետական ըմբռնումները, որոնք պատմությանը հայտնի են «Մարբուրգյան հոդվածներ» վերտառությամբ (որտեղ ճշգրտված չէ միայն Իրական Գոյափոխության Խորհրդի` «Տիրոջ Մարմնի և Արեան» դավանական ըմբռնումը, էջ 398-400):
Քննարկվող աշխատության արժանիքների շարքում պետք է թվարկել նաև թուրքերի և թուրքական արշավանքների նկատմամբ Մարտին Լյութերի ունեցած վերաբերմունքի քննական արժևորումը: Այդ նպատակով հեղինակը ոչ միայն անդրադառնում է Լյութերի «Յաղագս պատերազմին ընդդէմ թուրքաց», «Յորդոր աղօթից` ընդդէմ թուրքաց» աշխատությունների ուսումնասիրությանը, այլև թուրքերի նկատմամբ Լյութերի դիրքորոշմանը: Եվ փաստական նյութի վերլուծությամբ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը հետևողական մոտեցմամբ բացահայտում է այս հարցում Լյութեր-բարեկարգչի մոտեցումների հիմքերը և անդրադառնալով թուրքերի, Լյութերի խոսքով ասած` «դեւերի մի հսկայ զանգուածի» դեմ «զենքով եւ գաղափարախօսական» պայքար ծավալելու անհրաժեշտությանը, հանգամանորեն քննական արժևորման է ենթարկում և գնահատում է լյութերական այդ մոտեցումների հիմքում ընկած հոգևոր կողմնորոշիչները, մատնանշում է դրանց դրական և անընդունելի կողմերը:
Պատմական և աստվածաբանական վավերագրերի համադրության դիրքերից Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը միաժամանակ փաստում է, որ լյութերականությունը ունեցել է զարգացման որոշակի ընթացք, ինչը թելադրված է եղել այն պարագայով, որ «Լութերական բարեկարգութիւնն էլ իր հերթին կարիք ունէր բարեկարգուելու»: Հեղինակի համոզմամբ դա արտահայտվել է ոչ միայն եկեղեցին «աշխարհիկ իշխանութեան հսկողութեանն ու հոգատարութեանը» հանձնելու, այլև համայնքի ներքին կյանքը կարգավորելուն միտված աստվածաբաններից և իրավագետներից կազմված կոնսիստորիաների ստեղծմամբ, որով գործնականում շրջանցվել է նաև եկեղեցական կյանքը կանոններով կարգավորելու ավանդական մոտեցումը: Աշխատանքում ցույց է տրվում, որ նույն նպատակին են ծառայել նաև Լյութերի հեղինակությանը վերագրվող «Մեծ և Փոքր կատեխեզիսները», որոնք, վերլուծաբանի համոզմամբ, ունեցել են նաև գործնական դեր և նշանակություն, քանի որ միտված էին կատարելագործելու լյութերական համայնքներում քրիստոնեական վարդապետութեան ուսուցումը, ինչպես նաև բարձրացնելու կրոնական դաստիարակության արդյունավետության: Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը պատմականության դիրքերից է անդրադարձել նաև լյութերական «Վիտտենբէրգեան աստուածաբանութեան մեկնաբանութիւնն ու ջատագովութիւնը» համարվող 28 կետից բաղկացած հավատո հանգանակի` «Աուգսբուրգյան դաւանության» գնահատմանը: Վերջինիս շուրջ ծավալված հավատքային պայքարի նկարագրությամբ նա քննական վերլուծության է ենթարկում ինչպես Շմալկալդյան Լիգայի նշանակությունը, այնպես էլ` 23 պարբերությունից բաղկացած Շմալկալդյան հոդվածների դերը, որով գործնականում քայլ առ քայլ վեր է հանում Լյութերի պատմադավանական զարգացումների ընթացքը:
Այս հարցում Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանի ընդհանրացնող գնահատականն այն է, որ հոգևոր ու գործնական կյանքում Լյութերը եղել է «հակապապ մինչեւ վերջին շունչը»: Սակայն մատնանշում է նաև, որ լյութերական պրակտիկան ու բարոյագիտությունը (Լյութերի կողմից հակապապական գրվածքների «գռեհիկ և խայթող ոճը», «անյարգալից և քրիստոնեայ հաւատացեալին անվայել բառերը» և այլն) իրենցից «տխուր պատկեր» են ներկայացրել: Դա է պատճառը, որ հեղինակը նշված հարցերի հետևողական քննական արժևորման պրիզմայով է անդրադարձել Լյութերի վերջին աշխատությունների և նամակների հավատքային ուղղվածության արժևորմանը: Համանման մոտեցմամբ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը անդրադառնում է նաև լյութերականության ամրապնդման գործում առանցքային նշանակություն ունեցող Աուգսբուրգյան համաձայնագրի քննական վերլուծությանն ու գնահատմանը: Այդ ամենի ընդհանրացմամբ նա փաստում է, որ այս փաստաթղթով «Բողոքականութիւնը ճանաչւում է իբրեւ հանդուրժելի դաւանանք, իսկ հռոմէական կաթոլիկութիւնը շարունակում է մնալ իբրեւ կայսրութեան պաշտօնական դաւանանքը»: Նա մատնանշում է նաև, որ լյութերականության վերջնական հաստատման գործում մեծ դերակատարություն է ունեցել հատկապես Աուգսբուրգյան ռայխստագի «երկիրն (իշխանութիւնը) ումն է, կրօնն էլ նրանն է» բանաձևը (էջ 506):
Բնագրային վերլուծությամբ աշխատության մեջ հիմնավորվում է, որ հասարակական ու հոգևոր պայմանների ազդեցությամբ կարճ ժամանակում լյութերականության գաղափարները տարածվում են նաև այլ երկրներ: Այդ կապակցությամբ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը գրում է. «ԺԶ դարում Մարտին Լութերի վարդապետութիւնը Գերմանիայից դուրս էլ ունենում է իր արձագանքները, ինչպէս Շվէյցարիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Շոտլանդիայում, Հոլանդիայում, Լեհաստանում եւ յատկապէս Սկանդինաւեան երկրներում: Սակայն Անգլիան շուտով որդեգրում է բարենորոգչական մի իւրահատուկ ուղղութիւն: Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շոտլանդիայի եւ Շվէյցարիայի բողոքականները գնում են ընդհանրապէս Ժան Կալվինի բռնած ուղղութեամբ: Իսկ լութերականութիւնն էլ զօրանում է եւ ամրապնդւում Գերմանիայում եւ Սկանդինաւեան երկրներում» (էջ 507):
Հեղինակը ինչպես Մարտին Լյութերի, այնպես էլ լյութերականության դավանական առանձնահատկությունների նկատմամբ վերլուծական ամփոփ մոտեցում է դրսևորել աշխատանքի «Ընդհանուր եզրակացութիւն» գլխում: Այստեղ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը, հիմք ունենալով Հայ Եկեղեցու և հայ աստվածաբանության ուղղադավան ըմբռնումները, հաջորդական քննական վերլուծությամբ ընթերցողի դատին է հանձնում Լյութերի (հավասարապես նաև` լյութերականության) քրիստոսաբանական ըմբռնումները, միայն հավատքով փրկագործվելու, նախասահմանվածության, բողոքականությանը բնորոշ համընդհանուր քահանայագործության, Ս. Հաղորդության, Սրբերի բարեխոսության, Մեռյալների հիշատակի պաշտոնի, նվիրապետության և եկեղեցու «նորատեսակ գերության մասին» վարդապետական ըմբռնումները: Եվ քանի որ լյութերական այդ վարդապետությունը «համարեա նոյնութեամբ արձանագրուել են հայ բողոքականների (ավետարանականների.- հեղ.) գրութիւններում», այդ հիման վրա Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը փաստարկված կերպով մերժում է նաև հայ բողոքականների այն պնդումը, թե «բողոքական շարժումը հայերի մէջ զուտ մի հայկական շարժում է»: Այդ համատեքստում միանգամայն տրամաբանական և օրինաչափ պետք է համարել ոչ միայն քննարկվող աշխատանքի «Լութերականութիւնը եւ մենք» հավելվածում հեղինակի կողմից «բողոքական տարբեր ճիւղաւորումների խողովակով» հայության մեջ թափանցած գաղափարների հետևողական քննական արժեքավորումը, այլև այն եզրակացություն-պնդումը, որ «... դաւանաբանական և ծիսական առումներով Հայաստանեայց Մայր Եկեղեցու եւ հայ կամ օտար բողոքականների միջեւ տարբերութիւններն այնքա˜ն մեծ է, որ վերջիններս երբեք պիտի չկարողանան ըմբռնել ու հասկանալ առաջինի (Հայ Եկեղեցու - հեղ.) հոգեւոր ժառանգութիւնն ու ոգեղէն արժէքները (ընդգծումը` հեղ.)» (էջ 563): Միանգամայն հիմնավորված պետք է համարել նաև, որ վերոնշյալ պատճառների հիման վրա Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը փաստարկված մերժում է բողոքականությունը համարել «արգասիք քրիստոնեական սիրոյ եւ մարդկային ազնիւ զգացումների» (էջ 564):
Բողոքականության հավատքային էությունը քննելով տեսական, պատմական և համեմատական աստվածաբանության հիմնարար սկզբունքների դիրքերից, ի մի բերելով և համակողմանի արժևորելով լյութերական բողոքականության դավանական և գործնական «հիմնավորումները», Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը աշխատանքում առաջադրում է ընդհանրացնող այն պնդումը, որ Աստվածաշնչի կամայական մեկնաբանության (այդ թվում` Հին կտակարանի գրքերի հանիրավի կրճատման), քրիստոնեության հիմնարար հավատքային սկզբունքների, ինչպես նաև եկեղեցագիտական ավանդական ըմբռնումների մերժման պատճառով «... Լութերի, Ցվինգլիի կամ Կալվինի ազդեցութիւնները կրող եւրոպական բարեկարգութիւնը, որը յայտնի է նաեւ «Բողոքականութիւն» անուամբ, իր մի շարք դրական կողմերով հանդերձ, բոլորովին խորթ է հայ ժողովրդի ոգուն եւ անյարիր մեր Եկեղեցու վարդապետութեան ու առաքելութեան» (էջ 565):
Հեղինակի համար հավատքային այդ դիրքորոշումն աներկբա է նաև գործնական առումով, մասնավորապես այն կապակցությամբ, որ «լութերական մտայնութեամբ բանաձեւուած բարենորոգչական առաջարկներից» շատերը, հատկապես Լյութերի կողմից արտահայտած «հակաքրիստոնեական որոշ գաղափարներ ու գործելակերպը» գործնականում ժխտում են «քրիստոնէական կրօնի հիմք հանդիսացող սկզբունքները»: Առաջադրված տեսակետը հիմնավորելու նպատակով հեղինակը ի մասնավորի մատնանշում է Լյութերի գործելակերպին բնորոշ և «քրիստոնէական սէրն ու մարդկային խղճմտանքը» ոտնահարող բազմաթիվ սկզբունքներ, ինչպիսիք են արհամարհանքը վանական ուխտերի նկատմամբ, կուսակրոնության ուխտի դրժումը, կանանց «մարմնի ցանկութիւնները յագեցնելու դարման» լինելու արատավոր ըմբռնումները, որոշակի նպատակների հասնելու շահամոլությունը, բազմաթիվ հարցերում «անսկզբունք կեցվածքը» և անգամ «խարդախութիւն ու ստախօսութիւն», այլակրոնների և այլադավանների նկատմամբ անհանդուրժողականությունը և այլն (էջ 552-556): Ահա թե ինչու Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը հիմնովին մերժում է նաև լյութերական (հավասարապես նաև բողոքական որևէ այլ հարանվանության) կողմից բարեկարգության մասին տարփողվող մտայնությունները և այդ հիման վրա ընդհանրացնելով պնդում է. «Մենք չենք խուսափում յայտարարելու, որ ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր Հայաստանեայց Եկեղեցին կարիք ունի բարեկարգութեան: Սա, անշուշտ, մի հին յանկերգ է: Սակայն այդ բարեկարգութիւնը պէտք է սկիզբ առնի և հասունանայ Հայոց Եկեղեցու ծոցում եւ ոչ թէ դրսից պարտադրուի այն: Պատուաստների կարիք չունի մեր Եկեղեցին, քանի որ իր մէջ ունի թարմանալու և վերածաղկելու աւիշը: Հարկ է պեղել եւ գտնել այդ աւիշը ու կառչել դրան: Բայց մինչ այդ չպէտք է տկարանանք եւ մեզ թոյլ տանք հեռանալու այն Եկեղեցուց, որն ամենից առաջ սուրբ է իր գլխով` Յիսուս Քրիստոսով, այն Եկեղեցուց, որը մեզ համար հարազատ մայր է դարձել ու նուիրականացել իր բազմաթիւ սրբակենցաղ հաւատացեալների աղօթքներով, ինչպէս նաեւ իր բիւրաւոր նահատակների անմեղ արեամբ, որն անհաշիւ տառապանքների գնով դարեր շարունակ մեզ դաստիարակել է ու քրիստոնեայ պահել (ընդգծումը` հեղ.)» (էջ 562-563):
Արժանահիշատակ է մեթոդաբանական այդ մոտեցումների էությունը բնութագրող մեկ այլ իրողություն ևս: Պատմական վավերագրերի համեմատական վերլուծությամբ անդրադառնալով «լութերական մտայնութեամբ բանաձեւուած բարենորոգչական առաջարկների» քննական արժևորմանը, հեղինակը հանգում է հետևյալ հետևությանը. «Մեր ուսումնասիրութիւնից յայտնի է դառնում, որ Հայ Եկեղեցու բարեկարգութեան հարցում բոլորովին սխալ կը լինի լութերական մտայնութեամբ առաջնորդուելը: Մարտին Լութերը իր բոլոր դրական կողմերով հանդերձ, այն անձը չէ, որ կարողանայ ուղեցոյցը դառնալ արեւելեան եկեղեցիների բարեկարգութեան: Հետեւաբար, լութերականութիւնը կամ էլ բողոքականութիւնը բոլորովին խորթ է մեր կրօնական և ազգային նկարագրին (ընդգծումը մերն է` Ա. Ք.)» (էջ 571): Այդ ամենով հեղինակը ըստ էության ավարտին է հասցնում աշխատանքի նախաբանում առաջադրված հիմնախնդիրներից մեկը, որը ձևակերպված է հետևյալ կերպ. «Ես ինձ բաւարարուած պիտի զգամ, եթէ կարողանամ ինչ-որ չափով հարստացնել այս ասպարէզում հայ ընթերցողի գիտելիքների պաշարը» (էջ 7):
Այդ ամենը թույլ է տալիս պնդել, որ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանի «Մարտին Լութեր: Մի բարեպաշտ վանականի ըմբոստութիւնը» ուշագրավ աշխատանքն իր հետազոտական արդյունքներով նորույթ է ոչ միայն հայ աստվածաբանության, եկեղեցագիտության, այլև հայագիտության շրջանակներում: Աշխատանքի հետևողական լուծումները և եզրակացությունները կարող են օգտագործվել ոչ միայն տեսական և պատմական աստվածաբանության, այլև պատմագիտության և մշակութաբանության շրջանակներում տեսական մոտեցումներ մշակելու գործում: Դրանք կարող են կիրառական կարևոր նշանակություն ունենալ նաև հոգևոր կրթական համակարգի համապատասխան դասընթացներում: Աշխատանքը ավարտուն ուսումնասիրություն է, իսկ հեղինակի առաջքաշած որոշ հիմնահարցեր կարող են նաև ելակետ հանդիսանալ ապագա ուսումնասիրությունների համար:
Աշխատանքում առաջադրված լուծումներն ու ընդհանրացումները հիմնավորված են, փաստարկված պատմաաստվածաբանական, դավանաբանական և պատմագիտական լուծումներով: Դրանով Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանի «Մարտին Լութեր: Մի բարեպաշտ վանականի ըմբոստութիւնը» աշխատանքը գալիս է լրացնելու նաև Եկեղեցու պատմության վերաբերյալ հայ պատմաաստվածաբանական և եկեղեցագիտական ուսումնասիրությունների շարքը:
Անուշավան եպիսկոպոս ԺԱՄԿՈՉՅԱՆ
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան